«Երևանի թիվ 97 ավագ» դպրոցի տնօրենը կեղծ ատեստատը ներկայացրել է ԱՄՆ-ի դեսպանատուն
Տասնամյա կրթության ատեստատ վաճառելու և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ԿԳՆ «Երևանի թիվ 97 ավագ» դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, մայրաքաղաքի բնակիչ Հակոբ Խրիմյանը:
Քննությամբ պարզվել է, որ նա, իրականացնելով կառավարչական գործառույթներ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցի փոխտնօրեն Աննա Թամազյանի միջոցով 2011թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 184 560 դրամին համարժեք 500 ԱՍՆ դոլար առևտրային կաշառք՝ Ռուբեն Ավագյանի անվամբ 10-ամյա կրթության ատեստատ տալու դիմաց։ Ըստ մեղադրական եզրակացության, հանցավոր նպատակն իրագործելու համար Հակոբ Խրիմյանն իր լիազորությունները դպրոցի շահերին հակառակ և Ռուբեն Ավագյանի օգտին օգտագործելու նպատակով, Աննա Թամազյանին է տրամադրել իր աշխատասենյակի պահարանի արխիվային մասում պահվող խորհրդային նմուշի կնիքված, չլրացված, ԱԲ249511 համարի Երևանի թիվ 198 դպրոցի միջնակարգ կրթության ատեստատը։
Այնուհետև Հ. Խրիմյանն ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիշյալ ատեստատը 2011թ. հոկտեմբերին իրացրել է Ա. Թամազյանին, որից հետո վերջինս նշված ատեստատի մեջ կատարել է ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ Ռ. Ավագյանն ավարտել է նշված դպրոցը։
Բացի վերոնշյալից, ըստ քրեական գործի նյութերի, Հ. Խրիմյանը Երևանի բնակիչ Ռաֆայել Կարապետյանից և վերջինիս հայր, այժմ հանգուցյալ Հրայր Կարապետյանից 2011թ. օգոստոսի 23-ին տեղեկացել է, որ Ռ. Կարապետյանը գումարի դիմաց ցանկանում է ձեռք բերել իր անվամբ լրացված միջնակարգ կրթության ատեստատ՝ ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացնելու նպատակով։ Դրա դիմաց Խրիմյանը 2011թ. օգոստոսի վերջին պահանջել և Հրայր Կարապետյանից իր աշխատավայրում ստացել է 700 դոլար, որից 400 դոլարը 2011թ. օգոստոսի վերջին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում, նախնական համաձայնությամբ, տվել է «ոմն Վառիկին»՝ ձեռք բերելով միջնակարգ կրթություն ստանալու վերաբերյալ ԱԱ264837 համարի, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոց» կլոր կնիքով կնիքված, կեղծ ատեստատ։
Նշված ատեստատում կատարվել են կեղծ գրառումներ, թե Ռ. Կարապետյանն ավարտել է հիշյալ դպրոցը, ապա լրացված կեղծ ատեստատը 2011թ. նոյեմբերին իրացրել Ռ. Կարապետյանին։
Հակոբ Խրիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի, 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն` առևտրային կաշառք ստանալու, իր լիազորությունները չարաշահելու և փաստաթուղթ իրացնելու համար:
Նույն քրեական գործով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-200-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև թիվ 32 հիմնական դպրոցի փոխտնօրեն, Երևանի բնակիչ Աննա Թամազյանին: Ինչպես պարզվել է քննությամբ, նա իր ծանոթ Լուսինե Գրիգորյանի միջոցով տեղեկացել է, որ վերջինիս ամուսնու՝ Վահե Մարկոսյանի ընկեր Ռուբեն Ավագյանը ցանկանում է ձեռք բերել տասնամյա կրթության ատեստատ։ Ռ. Ավագյանին օժանդակելու համար Ա.Թամազյանը դիմել է իր ծանոթ Հ. Խրիմյանին, որն էլ խոստացել է 500 դոլարի դիմաց տրամադրել կեղծ ատեստատ։ Վերջինիս պահանջը կատարելու համար Աննա Թամազյանը 2011թ. սեպտեմբերին Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ Ռ.Ավագյանից ստացել է 500 դոլարը, որն էլ 2011թ. սեպտեմբերին որպես առևտրային կաշառք տվել է Հ. Խրիմյանին։
Այնուհետև, 2011թ. հոկտեմբերի սկզբին վերջինիցս վերցրել է հիշյալ ատեստատը, որից հետո նշված ատեստատի մեջ անձամբ կատարել է ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ Ռուբեն Ավագյանն ավարտել է թիվ 198 դպրոցը: Ատեստատը Ռ. Ավագյանին է փոխանցել Վահե Մարկոսյանի միջոցով։
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև Երևանի բնակիչ Ռաֆայել Կարապետյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է նաև, որ նա 2012թ. հունվարի 26-ին կեղծ ատեստատն օգտագործելով՝ ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն։