
Հրանտ Բագրատյանը սթափ է գնահատում իրավիճակը. Ս.Սաֆարյան

«Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ չի թերագնահատում «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հնարավորությունները՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախընտրական պայքարը գնալու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:
«Չեմ թերագնահատում, ուղղակի շատ նկատելի է թեկնածուների մոտ վճռականությունը և արդյոք թեկնածուն մինչև վերջ հավատո՞ւմ է, որ ինքը կհաղթի: Ես, անկեղծ ասած, պարոն Բագրատյանի և քարոզարշավում, և խոսքերում չեմ տեսնում, որ ինքը դրան հավատում է: Ես տեսնում եմ, որ ինքը շատ սթափ գնահատում է իրավիճակը և ինքը գիտակցում է, որ ինչպես ինքը հայտարարեց, որ առաջադրվել է ընդամենը, որպեսզի ազատական գաղափարախոսության կողմնակիցներն ունենան այլընտրանք»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանի պարագայում կա ևս մեկ խոչընդոտ.նրա վարչապետության տարիները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից, անգամ հեռուստաեթերում՝ քարոզարշավի ժամանակ, նկատելի է, որ նրան մեղադրում են: Այդ գործոնն, ըստ Ստեփան Սաֆարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում բացակայում է: Ստեփան Սաֆարյանը նշեց նաև, որ ի տարբերություն Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ակտիվ քարոզարշավ է իրականացնում: