Բաժիններ՝

«Երիտասարդական պալատի» շինարարական աղբը թափել են ձորն ու վնասել ջրատարը

«Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարության աղբը՝ տեղափոխվել և լցվել է Երևան-Սևան ավտոմայրուղու 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորում: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և շինարարական աշխատանքների ղեկավար՝ «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ-ի շինարարության բաժնի պետ Արմեն Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։

Իրավապահները մասնավորապես պարզել են, որ հենց դրա հետևանքով է, որ Արզական-Երևան ջրատարի 820մմ տրամաչափի մետաղական խողովակաշարը վնասվել է։ Ըստ քրեական գործի նյութերի՝ «Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները, այնտեղից և նոր կառուցվող շենքի հիմնահորից հանված շինարարական աղբը` քարը, բետոնը, հողը, ընդհուպ այլ ժայռաբեկորներ, առանց համապատասխան թույլտվության, չունենալով անգամ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի և ՀՀ Բնապահպանության Կոտայքի տարածքային տեսչության համաձայնությունը, Դավթյանի հրահանգով լցվել են նշված ձորը։ Ընդ որում, նախապես հարկ չեն համարել պարզել անգամ Երևան-Սևան ավտոճանապարհի 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորի պատկանելիությունը, այդ տարածքով անցնող կոմունիկացիոն համակարգերի առկայությունը։ Արդյունքում վնասվել է նաև ջրատարի 820մմ տրամաչափի մետաղական խողովակաշարը, որի արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲԸ-ին պատճառվել է 5.730.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Արմեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Մեր ունեցած տեղեկություններով գործը դատարան է ուղարկվել մի քանի ամիս առաջ։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս