
Երևան-Արմավիր ճանապարհին 37-ամյա վարորդը «Գրանդ Չերոկիով» արմատախիլ է արել մի քանի ծառ և գլխիվայր շրջվել

Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Գասպարյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ-ի Մայիսյան գյուղի հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 15 00 865 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթյա սյանը, հետո հարվածել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք եւ գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ վարորդի հետ մեքենայում եղել են նաև 3 ուղեւորներ, որոնք նույնպես չեն տուժել:
Վթար վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև նույն գումարտակի հետաքննիչ Էդգար Նազարյանը, ում կողմից վթարի առթիվ նյութեր են նախապատրաստվում: