Մոսկվայում հանրակացարանը «գրաված» Հրաչյա Պողոսովը տնային կալանքի վերցվեց
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը տնային կալանքի է ենթարկել երկու անձանց, որոնք կասկածվում են «Московский шелк» ֆաբրիկային պատկանող հանրակացարանի պահակախմբի վրա հարձակվելու մեջ։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, դատարանը գտել է, որ կասկածյալներ Հրաչյա Պողոսովը և Իգոր Պոլոզենկոն մտադիր են և կարող են խուսափել արդարադատությունից։
Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 19-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Իշխանությունների վարկածով, մի քանի տասնյակ խուլիգաններ ծեծի են ենթարկել հանրակացարանում հերթապահություն իրականացնող մասնավոր պահնորդական ծառայության աշխատակիցներին և գրավել են մի քանի սենյակներ։ ԶԼՄ-ները գրում էին, որ հարձակմանը մասնակցել են հակաֆաշիստական «антифа» շարժման անդամները։
Մյուս վարկածով, որը հրապարակվել է հարձակվողների թեմատիկ բլոգում, Պողոսովը, Պոլոզենկոն և հարձակման մյուս մասնակիցներն իրականում պաշտպանել են հանրակացարանի բնակիչներին, որոնց ցանկանում էին բռնի կերպով վտարել՝ ֆաբրիկայի ղեկավարության պահանջով։ Ձերբակալվածների կողմնակիցներն ասում են, որ շենքի պահակները շրջափակել են բնակտարածքը, անջատել են էլեկտրաէներգիան, իսկ ոստիկանությունը բնակիչների ահազանգերին չի արձագանքել։
Հունվարի 19-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել հարձակման 36 մասնակիցների, սակայն նրանք շուտով ազատ էին արձակվել։ Այդուհանդերձ, խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 5 ակտիվիստների, իսկ նրանցից երկուսին՝ Պողոսովին և Պոլոզենկոյին, 48 ժամով ձերբակալել էին։