
Վարույթը կկարճվի. «Պրագա» ֆիրմային խանութը վերացրել է խախտումը

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց էր ներկայացրել «Պրագա» ֆիրմային խանութներ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Սաֆարյանի դեմ` վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: 2012թ. հոկտեմբերի 23-ին ստացված հայցադիմումի կապակցությամբ դատարանը նոյեմբերի 26-ին կայացրել էր նախնական դատական նիստ, իսկ դեկտեմբերի 20-ին եղել է դատաքննությունը:
Ինչպես տեղեկացանք հիշյալ տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանից, տվյալ դեպքում վարչական իրավախախտում է համարվել այն, որ Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Պրագա» խանութի ցուցանակը ձևավորված է եղել ոչ հայերեն, միայն օտարալեզու և օտարատառ: Տեսչությունը, սակայն, հրաժարվել է իր հայցից, և սպասվում է, որ առաջիկայում վարչական գործի վարույթը կկարճվի, քանի որ «Պրագա» ֆիրմային խանութներ» ՍՊԸ-ի տնօրենն ի վերջո որոշել է վերացնել խախտումը և փոխել օտարալեզու ցուցանակը: Սակայն մի՞թե դա պետք է արվեր այն ժամանակ, երբ տեսչությունը հարկադրված կգնար դատարան դիմելու քայլին, մի՞թե, ընդհանրապես, մայրենիի նկատմամբ հարգանքը դատական միջամտություն է պահանջում…