Եղնիկի փոխարեն համաքաղաքացուն սպանած ապօրինի որս կատարողը տեղափոխվեց բանտ (տեսանյութ)
Երեկ` հունվարի 21-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք էր բերվել Տավուշ քաղաքի բնակիչ, 42-ամյա Արմեն Ղազարյանը: Նրան դատարան են տեղափոխել ոստիկանության Տավուշի բաժնից` ձերբակավլածների ժամանակավոր պահման վայրից:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հունան Գարամանյանը դիմել է նշված դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընդունվի: Դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Բերդի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող «Քոսականց կապեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա: Նշված հանդամաս էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեորգի Միրզոյանի և Տավուշի ոստիկանության բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ:
Նշված վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքի պետ Արթուր Զարգարյանը՝ քննիչներ Հունան Գարանյանի և Արգամ Մայիլյանի մասնակցությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով կատարված դեպքի հնչեղությունը, դեպքի վայրում էր նաև Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը:
Քննչական բաժանմունքի պետ Ա. Զարգարյանի հանձնարարականով կազմվում է 2 խումբ, քանի որ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ մահացածի հետ եղել են մի քանի անձինք: Խմբերից մեկը ղեկավարում էր քննիչ Մերուժան Գալստյանը: Արդեն իսկ լուսաբացին Տավուշի ոստիկանություն է բերման ենթարկվում Բերդ քաղաքի բնակիչ 42-ամյա Արմեն Ղազարյանը, ով ոստիկաններին ներկայացնում է մեկփողանի 16 տրամաչափի որսորդական հրացան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կրակոցն արձակվել է Ա. Ղազարյանի կողմից, ինչի հետևանքով Ս. Հովհաննիսյանը աջ ազդրի մասում հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Քննիչ Հ. Գարանյանի կողմից հրացանն առգրավված է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շաշյանը հայտնում է, որ հրացանը եղել է ապօրինի, իսկ Ա. Ղազարյանը նախկինում ապօրինի որս կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել: Քննիչի որոշմամբ Ա. Ղազարյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Քիչ հետո ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվելու է դեպքի վայր, որտեղ քննչական փորձարարություն է կատարվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է նաև նրանց հետ եղած մյուս անձին, ով ոստիկանություն դեպքի մասին հայտնած Բերդ քաղաքի բնակիչ 33-ամյա Կարեն Ջուլհակյանն է, ով աշխատում է Արծվաբերդի անտառապետության Նավուրի բաժնում ՝ որպես անտառապահ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հունվարի 19-ին, ավագ քննիչ Հ. Գարամյանի որոշմամբ Ա. Ղազարյանի և Կ. Ջուլհակյանին արդեն մեղադրանք է առաջադրվել ապօրինի որսի հատկանիշով: Ա. Ղազարյանի խափանման միջոցը մնացել է նույնը` ձերբակալված, իսկ Կ. Ջուլհակյանը ստորագրությամբ ազատ է արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ղազարյանը, երբ անտառում Կ Ջուլհայանի հետ ցանկացել են ապօրինի որս կատարել, ըստ նրանց պատմածի` լսել են ծառերի խշշոց և մտածել են, թե անտառում եղածը եղնիկ է, ու Ա. Ղազարյանը կրակել է:
Նա ոստիկաններին պատմել է. «Ծառերի տակից խշշոց լսեցի, մեկը շարժվում էր: Նմանացրեցի եղնիկի ու կրակեցի»:
Ոստիկանները հայտնաբերել են նաև 3 որսորդական հրացաններ, որոնցից 2-ը եղել են ապօրինի: Ի դեպ սպանվածն ու կրակողը նախկինում դատապարտված են եղել ապօրինի որսագողության համար:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հունան Գարամյանի կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն), 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ապօրինի որս կատարելու) հատկանիշներով: