Փոփոխություններ Էթիկայի հանձնաժողովի կազմում

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորները, ըստ ամենայնի, մտադիր չեն արձագանքել Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերին և ներկայանալ` պարզաբանումներ տալու համար:

Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր ԱԺ-ի վերոհիշյալ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին: Նրանք, սակայն, ինչպես և նախօրեին հրավիրված ևս 17 պատգամավորներ, հանձնաժողովի նիստին չներկայացան:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին երեկ հայտնել էր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանձնաժողովը հնարավորություն է ընձեռնել պատգամավորներին` պարզաբանումներ տալ իր վարույթում գտնվող դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ: «Պատգամավորները կօգտվեն այդ հնարավորությունից, թե` ոչ, դա իրենք են որոշում: Այսինքն` ԱԺ կանոնակարգ-օրենքում որևէ պարտադրող կետ չկա, որ պարտավորություն լինի պատգամավորների նկատմամբ այս նիստին ներկայանալը»,-ընդգծել էր հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե` ոչ: Որոշում կայացնելու նպատակով հանձնաժողովը մինչ այդ` հունվարի 21-ից մինչև 25-ը կգումարի նիստեր` պարզաբանումներ լսելու այն պատգամավորներից, ում վերաբերվում է դիմումը:

Ի դեպ` Էթիկայի հանձնաժողովի կազմում հունվարի 21-ին տեղի են ունեցել փոփոխություններ. ՀՀԿ խմբակցությունն իր՝ արդեն նախկին ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին փոխարինել է խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանով: Բացի այդ, 2012-ի տարեվերջին ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված Էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգը վերանայվելու արդյունքում քաղաքական մեծամասնությունը` ի դեմս ՀՀԿ-ի, ստացել է հանձնաժողովում ևս մեկ անդամ նշանակելու հնարավորություն: Ըստ այդմ, հանձնաժողովի կազմը համալրել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Էթիկայի հանձնաժողովում «Հայ ազգային կոնգրես»-ը հանձնաժողովի կազմավորման օրվանից` 2012թ.-ի ամռանից, շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն»-ը` Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանը, «Օրինաց երկիր»-ը` Հովհաննես Մարգարյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը` Վահան Բաբայանը, ով 2012թ.-ի նոյեմբերի 9-ից է ընդգրկվել այս հանձնաժողովում` փոխարինելով խմբակցության նախորդ ներկայացուցչին:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովը կազմավորվում է խորհրդարանի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում` խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև նախագահին և նրա տեղակալին նշանակում է ԱԺ նախագահը:

Խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին հավասար չլինելու դեպքում Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով` հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը հավասարեցվելու նպատակով: Ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր խմբակցությունները էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:

Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս