«Չենջի» աշխատակիցը, ում վրա կրակել և նրանից հափշտակել էին 40 միլիոն դրամ, հիվանդանոցում մահացավ
Երեկ հունվարի 21-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացավ 36- ամյա Հակոբ Մկրտչյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ին անհայտ անձինք դիմակավորված, հրազենի գործադրմամբ հափշտակել էին Հ. Մկրտչյանի մոտ եղած 40 մլն դրամը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք- զինամթերք կրելը և օգտագործելը) հատկանիշներով:
Հ. Մկրտչյանը դիմադրություն էր ցույց տվել դիմակավորվածներին, որի ժամանակ էլ նրանք կրակել էին նրա վրա, ով որովայնի վնասվածքով և աջ սրունքի վերջույթի վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում, 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի կողմից տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տիտանական աշխատանք էին կատարել ու մահվան ճիրաններից վիրավորին փրկելու համար, իսկ հունվարի 17-ին Էրեբունի բժշկական կենտրոնում տուժվածը 3-րդ վիրահատությունն էր տարել և աջ ազդրի ստորին երրորդականից ոտքը ամպուտացվել էր: Բժիշկները հայտնել էին եթե ոտքը չամպուտացվեր, ապա տուժողի կյանքը փրկել չէր լինի:
Ըստ ֆոտոլրագրողի, Հ. Մկրտչյանը աշխատում է Գարեգին Նժդեհ հրապարակին հարակից տարադրամի փոխանակման կետում: