Սեդրակ Զատիկյանի սպանության գործով մեղադրողի դեմ բացարկի միջնորդություն ներկայացվեց

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմը գործով մեղադրող Արմեն Մարուխյանի դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը որպես բացարկն ընդունելու հիմք նշեց մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանի՝ գործի ելքով շահագրգռված ու կողմնակալ լինելը: Ըստ պաշտպանի, գործով նախաքննությունն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության ու քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով ու ապօրինություններով, ինչի հետևանքով անմեղ մարդուն վերագրվել են սպանություն կազմակերպելու ու ապօրինի ձեռք բերված ռազմամթերք պահելու վերաբերյալ հանցագործությունները: Այսպես, ըստ նրա, Ս.Հակոբյանի հեռախոսահամարի ելքային ու մուտքային զանգերի վերծանումները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման և դրվել մեղադրանքի հիմքում: Ըստ պաշտպանի, հասկանալով, որ Ս.Հակոբյանը ապօրինի է կալանավորվել, նախաքննության միջանկյալ հատվածում Ս.Հակոբյանը ազատվել է կալանքից համապատասխան լիազորություն չունեցող քննիչի որոշմամբ՝ վերջինս այդպիսով «յուրացրել է» դատախազի լիազորությունները:

Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ վկաներ Ահարոն Հակոբյանն ու Արամայիս Սեդրակյանը իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ են տվել ոստիկանությունում բռնությունների ու սպառնալիքների ազդեցության տակ: Այդ մասին վկայում է նաև դատաբժշկի եզրակացությունը: Ըստ պաշտպանի՝ նրանց նկատմամբ պաշտպանության միջոցի՝ ցուցմունքներն առանձնացնելու, միջոցը կիրառվել է համապատասխան ընթացակարգի խախտմամբ՝ առանց համապատասխան որոշում կայացնելու:

Ըստ Ե.Սարգսյանի՝ օրենքի խախտում է ռազմամթերք պահելու մեղադրանք առաջադրելը՝ առանց փորձագետի եզրակացությունն ունենալու այն մասին, որ հայտնաբերվածն իրոք ռազմամթերք է հանդիսանում: Բացի այդ, մինչ օրս էլ, ըստ պաշտպանի, քրեական գործում չկան այդ փամփուշտները՝ որպես իրեղեն ապացույց: Այսինքն անհասկանալի է՝ ի վերջո այդպիսի փամփուշտներ եղել են, թե ոչ: Դրանց բացակայությունը նույնպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է, գտնում է պաշտպանը:

Մեղադրող Ա.Մարուխյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը առարկեցին միջնորդության դեմ, ըստ նրանց միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակի քիչ անց:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս