
Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան. մամուլ

«Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան։ Խաչիկյանի փաստաբան ժորա Վարոսյանը «ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում։ Այլևս չեն հարցաքննվում։ Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին։
Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տևելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած»։ Փաստաբանը նշեց, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. «Այլևս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի»։ Հիշեցնենք, որ Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել յուրացման և պաշտոնական կեղծիքի հատկանիշներով, քանի որ պետբյուջեից թոշակների ու նպաստների համար հատկացված գումարները չէր բաժանել հասցեատերերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։