Առաջինն էինք, որ կարողացանք պահել մարքսիզմն իր գաղափարական նժույգի վրա ու մատուցել երիտասարդությանը

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը վերջերս մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ համապետական ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է հանձնեն քննություններ պետություն և իրավունք, համաշխարհային տնտեսագիտություն և հռետորական արվեստ առարկաներից:

Այսօր մենք Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե առաջադրված թեկնածուներից ովքե՞ր դրական գնահատական կստանային, իսկ ովքե՞ր կտապալեին նրա առաջարկած քննաշրջանը, ինչին ի պատասխան նա ասաց. «Ոչ մեկն էլ այդ քննությունները չէին հանձնի, որովհետև քաղաքական գրագիտություն չունեն: Որևէ քաղաքական գրագետ մարդ կա՞ այսօր: Սա է ազգային ամբողջ ողբերգությունը»:

Դ. Հակոբյանը կարծում է, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների միջև մրցակցություն լինել չի կարող, որովհետև այսօր, նրա խոսքով, չկա այն թեկնածուն, ով կարող է երկիրը դուրս հանել քաղաքական, սոցիալական, տնտեսական արհավիրքի ճիրաններից: Իսկ լուծել այս խնդիրները, Մարքսիստական կուսակցության նախագահի համոզմամբ, կարող էր միայն մարքսիստական գաղափարախոսությունը, ինչն ապացուցվեց «Մարքսին հազարամյակի մարդ ճանաչելու հանգամանքով»:

«Երեկ ռուսական «Կուլտուրա» ալիքով հայտարարվեց, որ Մարքսը ճանաչվեց հազարամյակի մարդ, քաղաքական գործիչ, հասարակական-քաղաքական մտքի տիրակալ: Այն զազրախոսները, ովքեր իրոնիայով էին նայում մարքսիզմին, այսօր պետք է ընդունեն, որ Հայաստանում մենք առաջինն էինք, որ կարողացանք պահել մարքսիզմն իր գաղափարական նժույգի վրա ու մատուցել երիտասարդությանը: Հիմա արդեն Պուտինն անգամ հորդորում է այս գաղափարախոսության հիմքում ընկած կառույց ստեղծել: Մենք հպարտանում ենք սրա համար»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք չե՞ք սատարելու առաջադրված թեկնածուներից որևէ մեկին, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Այս հարցը փակ, գաղտնի քվեարկության ենթատեքստում եմ առայժմ դիտում: Համենայդեպս, իմ էլեկտորատին կոչ չեմ արել մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Ինչ վերաբերում է ընտրությունները բոյկոտելուն, կարծում եմ, որ հիմա ինքնստինքյան բոյկոտային իրավիճակ է ստեղծվել»:

168.am-ի դիտարկմանը, թե այնուամենայնիվ, եթե որոշեք սատարել թեկնածուներից որևէ մեկին, դա կլինի իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ներկայացուցիչը, Դավիթ Հակոբյանը պատասխանեց, որ այս հարցին կպատասխանի «հաջորդ դասին»:

Տեսանյութեր

Լրահոս