
ԿԸՀ-ում հավատարմագրված են 15 դիտորդական կազմակերպություններ

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հավատարմագրել է «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» ՀԿ-ի 15 դիտորդի:
Այսպիսով` այս պահին հավատարմագրված են 10 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ:
ԿԸՀ-ում ավելի վաղ հավատարմագրվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» տեղական հասարակական կազմակերպության 63, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ի 77, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ի 285, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» 61, «Հարմոնիա»-ի 470, «Ընտրական համակարգերի կենտրոն»-ի 60, «Դիլնետ սերվիս»-ի 71 և «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի 172 դիտորդներ:
Միջազգային կազմակերպություններից հավատարմագրված են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը, «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրումը սկսվել է ընտրությունը նշանակելու օրվանից` դեկտեմբերի 8-ից, և կտևի մինչև փետրվարի 8-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:
Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
Վերոհիշյալ կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: