Սամվել Բալասանյանն իր «պա՞րտքն է տալիս» գործող նախագահին

«Այո´, ես սատարելու եմ Սերժ Սարգսյանին»,- այսօր հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ վստահեցնելով՝ «մենք ծավալելու ենք ակտիվ քարոզարշավ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի»: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Հարցին, թե՝ ինչպե՞ս է մեկնաբանում ԲՀԿ-ական քաղաքապետի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու և նրա օգտին ակտիվ քարոզչություն ծավալելու այս որոշումը, ընտրություններին ոչ մի ձևաչափով չմասնակցող կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.

«Պատրաստ եմ մեկնաբանելու, երբ տեղի կունենա խորհրդակցություն, և երբ ես լիազորություն կունենամ մեկնաբանելու պարոն Բալասանյանի այս հայտարարությունը»:

Հարցին, թե ի՞նչ խորհրդակցություն է տեղի ունենալու և արդյո՞ք այդ հայտարարության մասին ԲՀԿ-ում տեղյա՞կ են, թե ոչ, Տ.Ուրիխանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ խորհրդակցություն կլինի, թե ոչ, երբ կլինի, միայն ասում եմ, որ հիմա այդ հայտարարությանը պատասխանել չեմ կարող, սա էր իմ պատասխանը»:

Սամվել Բալասանյանի այս հայտարարությունը միանշանակ բնական ու ոչ արտառոց է համարել ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

«Բայց պարոն Բալասանյանի նման հայտարարությանը ես լավ եմ նայում, ի՞նչ պրոբլեմ ունենք մենք, ի՞նչ դատապարտելի բան եք տեսնում»:

Այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին, Վ. Բոստանջյանը ասելէ. «Երկիրը կառավարաման իր մոտեցումներն ու սկզբունքներն ունի, Բալասանյանը ՀՀ երկրորդ քաղաքի ղեկավարությունն է ստանձնել, իսկ ի դեմս գործող նախագահի՝ մենք ունենք նախագահ, որը գործունեության ամբողջ ժամանակահատվածում գտնվել է բարդ իրավիճակներում և միշտ ժողովրդին առաջնորդել է համապատասախան քայլերի, և հիմա եթե ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետը սատարում է նրան, ես դրա մեջ բացարձակապես արտառոց բան չեմ տեսնում»:

Վ. Բոստանջյանը հնարավոր է համարել նաև այն տարբերակը, որ Ս. Բալասանյանն իր պարտքն է տալիս, կամ իր անհատական շնորհակալությունն է հայտնում գործող նախագահին, Գյումրու ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար:

«Հա, կարող է էդպես էլ լինի, դա վա՞տ բան է: Երկրի ընդհանուր շահերի համար աշխատողները շատ չեն, ու նրանց մեջ է նաև Սամվել Բալասանյանը, ով ղեկավարում է ՀՀ երկրորդ քաղաքի անցուդարձը: Բնականաբար, շատ բնական եմ նայում Բալասանյանի կողմից գործող նախագահի թեկնածուի պաշտպանությանը»:

Տեսանյութեր

Լրահոս