«Շկոդան» բախվել է երկու ավտոմեքենաների, վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել ցանկապատին (լուսանկարներ)
Երեկ` հունվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի բակում, նույն շենքի բնակիչ 35 -ամյա Արտյոմ Տոնոյանը, վարելով «Շկոդա» մակնիշի Տ 32 97 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նույն շենքի բնակիչ 37-ամյա Հակոբ Իսախանայնին պատկանող, այդ պահին կայանված վիճակում գտնված «Մերսեդես» մակնիշի 29 ՍԼ 190 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Տոնոյանը վրաերթի է ենթարկել Բաշինջաղյան փողոցի բնակիչ Արման Մկրտչյանին, որից հետո էլ բախվել է Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3/1 տան ցանկապատին:
Վրաերթի հետևանքով Ա. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» ինստիտուտ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի