Վարդան Սեդրակյանը պատրաստվում է վերացնել հարկերը
«Քաղաքացիներն ինձ ընտրելու են այն պարզ պատճառով, որ լուծարելու եմ այս անարդար Ազգային ժողովը և հնարավորություն եմ տալու բոլոր կուսակցություններին մասնակցել ընտրություններին՝ արդար ընտրություններին, որի արդյունքում կձևավորվի նոր կառավարություն: Այդ կառավարությունը լինելու է հակակշիռ նախագահի ինստիտուտին, որը բացառում է օլիգարխիա, մենաշնորհ, հովանավորչություն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու, անկուսակցական Վարդան Սեդրակյանը:
Նրա համոզմամբ, քաղաքացիներն իրեն ընտրելու են նաև այն պատճառով, որ ինքը չի գալիս կուսակցական թիմով և նպատակ չունի նախագահ ընտրվելուց հետո իր շրջապատին նախարարներ և պատգամավորներ դարձնել: Իր այս մարտավարության շնորհիվ Վ. Սեդրակյանը համոզված է, որ չի կրկնի նախորդ նախագահների սխալները, հետևաբար ընտրողն այս տարբերությունը չի կարող չնկատել: Վարդան Սեդրակյանը պնդեց, որ ինքը անձերի խնդիր չի տեսնում, և եթե նոր ձևավորված կառավարությունն ու ԱԺ-ն, օրինակ, վարչապետի պաշտոնում առաջադրեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը կամ արտգործնախարարի պորտֆելն առաջարկեն Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը դեմ չի լինի: «Ես չեմ գալիս հայ ժողովրդին և հայ պետականությունը պառակտելու, այլ ստեղծելու եմ չորս նախագահների ինստիտուտը՝ միավորելու եմ բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»,-հայտարարեց նախագահի թեկնածուն: Նա շեշտեց, որ ինքը բոլոր կուսակցությունների նկատմամբ ունի նույն վերաբերմունքը, ինչը ևս, իր կարծիքով, նախագահի համար դրական հատկանիշ է:
Իսկ ի՞նչ տնտեսական բարեփոխումներ է նախաձեռնելու Վարդան Սեդրակյանը ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո: Նա հայտարարեց, որ պատրաստվում է վերացնել հարկերը: «Հայ մարդու համար ամենաստորացնող, ամենավիրավորականը հարկեր վճարելն է»,-համոզված է նախագահի թեկնածուն:
Վարդան Սեդրակյանի համոզմամբ, պետությունը պետք է հանդես գա որպես ձեռնարկատեր արդյունաբերության և առևտրի ոլորտներում, լինի ամբողջ փաթեթի սեփանատերը, բայց որպեսզի չառաջանա մենաշնորհ, նույն ոլորտում կարող են նաև գործել մասնավոր ձեռնարկությունները: Սա, ըստ նախագահի թեկնածուի, լիովին բավարար կլինի պետության կարիքները հոգալու համար: «Այն պետությունը, որը հույսը դնում է բնակչության կաշին քերթելով բնակչության կաշին քերթելով, կանգնում է այն փաստի առաջ ինչ-որ մենք ունենք»,-նշեց Վարդան Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կատարվելիք բարեփոխումներին, ապա այստեղ, Վարդան Սեդրակյանի պատկերացմամբ, կոլտնտեսությունները պետք է վերականգնել, հողերը պետք է վերամիավորել, քանի որ այդ բաժանումն իրեն չի արդարացրել: «Պետությունն ինքը գյուղացուց կարող է հողեր գնել, և կլինեն մեծ գյուղատնտեսական տնտեսություններ՝անասպահության, ցորենի և այլ գծերով»,-ասաց Վարդան Սեդրակյանը: