Բաժիններ՝

Բոսֆորի հատակով անցնող երկաթուղային թունելը շահագործման կհանձնվի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ 283 օր անց կավարտվի «Մարմարա» նախագծի իրագործումը: Խոսքը Բոսֆորի նեղուցի հատակով երկաթուղային թունելի կառուցման մասին է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով անձամբ հետևել է այդ երկաթուղային թունելի կառուցման աշխատանքներին:

Ասիան ու Եվրոպան կապող թունելի կառուցումն ավարտվելու է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակ – 168.am): Հենց այդ օրն էլ պլանավորված են մի շարք հանդիսավոր միջոցառումներ: Թուրքական ԶԼՄ-ները տվյալ նախագիծը որակել են որպես «մեկուկես դարի ընթացքում ցանկալի համարված նախագիծ»:

Թունելի կառուցման գաղափարն ի հայտ է եկել դեռևս 1860 թվականին: 1902 թվականին թուրք ինժեներներն անգամ նկարագրել էին տվյալ երկաթուղային թունելի նախագիծը: «Մարմարա» նախագծի իրագործումը մեկնարկել է 2008 թվականին: Նախնական տվյալներով՝ նախագիծը գնահատվել է 3-5 միլիարդ դոլար: Թունելի երկարությունը կազմելու է 15.5 կիլոմետր:

Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով, 60 մետր խորության վրա: «Մարմարան» պետք է դառնա ժամանակակից ստորջրյա թունելներից ամենախորը:

Հիշեցնենք, որ «Մարմարա» նախագիծը կոչված է երկաթուղային ճանապարհով Թուրքիայում միացնել Եվրոպան ու Ասիան: Այս և «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծերի իրագործման շնորհիվ հնարավոր կլինի Պեկինից գնացքով Թուրքիայի տարածքով հասնել Լոնդոն:

«Մարմարա» նախագծի շրջանակներում Թուրքիայի տարածքում կառուցվել է 76.3 կիլոմետր և 40 կայարան: Այդ երկաթուղով հնարավոր կլինի մեկ ժամում մեկ ուղղությամբ փոխադրել 75.000 ուղևոր: Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ պետք է գնացք շարժվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս