Բաժիններ՝

Հմ. Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունը կիսատ մնաց. համակարգիչը լիցքաթափվել էր

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ղազարյանի միջնորդությունը դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Ըստ դատարանի որոշման, միջնորդությունն անհիմն է և դրանում առկա չեն ինքնաբացարկի համար օրենքով նախատեսված հիմքերը:

Պաշտպանական կողմը հայտարարել էր, որ ողջամիտ կասկածներ ունի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի անկողմնակալ ու անաչառ լինելու վերաբերյալ, որ դատարանը մեղադրանքի կողմում է գտնվում, և ակնհայտ է որ դատական ակտը լինելու է ի վնաս ամբաստանյալի: Մեղադրող Հայկ Էյրամջյանը գտել էր, որ ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, որովհետև դատարանի կողմից օրենքի որևէ դրույթ չի խախտվել:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը պաշտպանական կողմին հիշեցրել էր, որ դատարանն ավելի վաղ քննարկել է պաշտպանական կողմի նույնաբովանդակ միջնորդությունը և մերժել այն՝ հիմնվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա:

Պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև մեղադրող Հ. Էյրամջյանին՝ նա, ըստ կողմի, պատշաճ դատավարական հսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով հիմնազուրկ մեղադրանք է առաջադրվել, որը չի բխում գործից և օրենքի դրույթներից: Միջնորդության ներկայացումն ընդհատվեց տեխնիկական պատճառով՝ պաշտպանի համակարգիչը ի սպառ լիցքաթափվեց: Մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը կներկայացվի փետրվարի 11-ի դատական նիստում:

Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ Ս.Ջուլհակյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս