
Իրանն ամեն գնով պաշտպանելու է իր ազգային իրավունքները Կասպից ծովում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Իրանը երբեք չի հրաժարվի Կասպից ծովում իր իրավունքներից և ամբողջովին հավատարիմ է նրա վերաբերյալ կոնվենցիաներին ու միջազգային համաձայնագրերին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի զեկուցող Հուսեին Հոսեյնի Նակավին:
Վերջինս իր այս հայտարարությունն արել է հունվարի 16-18-ին Մազանդարան նահանգի Սարի քաղաքում Կասպից ծովի վերաբերյալ անցկացված նստաշրջանում: Նակավին հավելել է, որ Իրանն ամեն գնով պաշտպանելու է իր ազգային իրավունքներն այդ լճում՝ ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ Իրանն ամեն ինչ անելու է՝ պահպանելու համար հարևան 15 երկրների հետ բարեկամական ու անկեղծ հարաբերությունները և թույլ չտալու համար որևէ լարվածություն:
Նշվում է, որ Սարի քաղաքում տեղի ունեցած այդ նիստին մասնակցել են նաև երկրի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին և մի շարք բարձրաստիճան չինովնիկներ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են մտել «Սարդար-Ջանգալ» նավթագազային հանքավայրի մասին, որի հայտնաբերման մասին իրանական կողմը հայտարարել էր ոչ վաղ անցյալում: