Բաժիններ՝

Բուրժուական հաճույքներ. լոգանքներ շոկոլադով, խավիարով և շամպայնով (լուսանկարներ)

Վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում ստացած spa-սրահներն իրենց հաճախորդների համար ավելի գրավիչ դառնալու նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների: Աշխարհում լավագույնը համարվող spa-սրահներն այդ նպատակով օգտագործում են մրգերի, քաղցրավենիքի, ըմպելիքների ամենատարբեր տեսակներ:

Համեղ սննդամթերքը և հյութերը լոգանքի ժամանակ ավանդաբար օգտագործվել են աշխարհի բազմաթիվ երկրներում: Սակայն այսօր պարտադիր չէ ուսումնասիրել ազգային ավանդույթները՝ սեփական մարմինը համեղ և օգտակար spa մերսումների ենթարկելու նպատակով, քանի որ spa-սրահներն իրենք են հոգ տանում դրա համար:
Spa-սրահներում ամենաշատն օգտագործվող քաղցրավենիքներից մեկը շոկոլադն է:

Այն կիրառվում է ինչպես՝ դիմակների պատրաստման, այնպես էլ՝ մարմնի լոգանքների համար: Ամենաարդյունավետը համարվում են հակացելյուլիտային շոկոլադե մերսումները, այդ պատճառով աշխարհում մի շարք spa-սրահներ առաջարկում են շոկոլադե վաննաներ ընդունել: Նման ծառայություններով հայտնի է Կիպրոսի Լիմասոլ հանգստավայրում գտնվող «St. Rafael» spa-սրահը:
Դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար չափազանց օգտակար են նաև մեղրով մերսումները: Մեղրը մաքրում է մաշկը և բարելավում է արյան շրջանառությունը:

Մեղրային սպա-պրոցեդուրաներով հայտնի է լատվիական Յուրմալա քաղաքում գտնվող «Jurmala SPA» հյուրանոցը: Իսկ իտալական «Petriolo Spa resort» կենտրոնն առաջարկում է մեղրային հիմքով համալիր spa ծառայություններ` դեմքի համար նախատեսված դիմակներից՝ մինչև լոգանք մեղրով լցված ավազաններում:

Մաշկը երիտասարդացնող միջոցների շարքում ամենաարդյունավետը ձկան խավիարով մերսումներն են` ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի համար: Դրանք մաշկը դարձնում են ավելի ճկուն և օգնում են ձերբազատվել անգամ ամենացայտուն կնճիռներից: Աշխարհում խավիարով spa ծառայություններ մատուցող կենտրոններից ամենահայտնին կարիբյան «Ritz-Carlton» հյուրանոցային համալիրն է:

Մարմնի և դեմքի մաշկի մաքրման և թարմացման համար օգտագործվում են նաև սուրճի հատիկները: Սուրճով պրոցեդուրաները սնուցում են մաշկը և որոշակի նրբերանգ են հաղորդում մարմնին, ինչպես նաև օգնում են ազատվել տոքսիններից: Երբեմն ավելի արդյունավետ կարող են համարվել սուրճի և շաքարավազի խառնուրդով մերսումները: Նման spa ծառայություններ է մատուցում Մալդիվյան կղզիներում գտնվող «Full Moon Aquum Spa» հյուրանոցը:

Ամենահին և հայտնի spa-մերսումներից մեկը կաթնային լոգանքներն են: Առասպելի համաձայն՝ այդպիսի լոգանքների սիրահար է եղել եգիպտական թագուհի Կլեոպատրան: Ներկայումս ևս նմանատիպ լոգանքները դարձել են նորաձև բարձրաշխարհիկ կանանց շրջանում: Այդպիսի ծառայություններ են մատուցվում թուրքական «Long Beach Resort & SPA» հյուրանոցային համալիրում:

Մաշկի համար բարերար ազդեցություն ունի նաև շամպայնը, որը նպաստում է մաշկի մաքրմանը, ինչպես նաև այն դարձնում է ավելի փափուկ: Այդ պատճառով շամպայնով լոգանքները ևս շատ տարածված են ժամանակակից աշխարհի նրբաճաշակ կանանց շրջանում: Շամպայնով մերսումների ու լոգանքների ամենամեծ տեսականին առաջարկում է Վաշինգտոնի Willard InterContinental հյուրանոցի spa ծառայությունը:

Spa

3 1 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս