Ավտովթարի ենթարկված բանտի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Մարկ Աղաբեկյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Գորիսի բնակիչ, 24-ամյա Էրիկ Խաչունցը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Է. Խաչունցը վարելով ՈՒԱԶ մակնիշի 507 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Իրանի քաղաքացի, 42-ամյա Հուսեյին Հասան Կոլանդուզմանղալարիի վարած Իվեկո մակնիշի 22 Ա 623-10 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ Է. Խաչունցը վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ ոստիկանություն դիմած Մ. Աղաբեկյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որպես պահպանության ապահովման բաժնի պետ: Իսկ Է. Խաչունցը նույն քրեակատարողական հիմնարկում պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: