Սերժ Սարգսյան. «Իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը»
«Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է վարել ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ, որից մի հատված այսօր տեղադրել է իր կայքէջում:
Ազատություն»․- Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ Դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին Ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։
Սերժ Սարգսյան․ – Ձեր առաջին բառը շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետև, ես անկեղծորեն եմ ասում` որև ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Մենք մշտապես, եւ եթե իրոք ետ նայվի այդ նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու, եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը։
«Ազատություն»․ – Պարոն նախագահ, հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները։ Այդ իմաստով էի ես հարցնում, այնուամենայնիվ՝ դուք ունե՞ք Ձեր մրցակիցը։
Սերժ Սարգսյան․ – Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապահ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի։
Հարցազրույցը, որը վարում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը, ամբողջությամբ կներկայացնենք վաղը։