Զգուշացեք գազի ծառայության «աշխատակիցներից»
Խաբեությամբ, ներկայանալով իբրև գազի ծառայության աշխատակից, ատրճանակներով զինված մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկը և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական արժեքներ: Էջմիածին քաղաքի բնակիչ Հովհաննես Իսպիրյանին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք նաև քրեական գործի այլ մանրամասների:
Ըստ մեղադրական եզրակացության, նա ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով Սամսոն Սարգսյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, 2010 թ. հունիսի 23-ին նախապես վերցրել է «Մակարով» տեսակի և գազային ատրճանակները, ապա ժամը 14:30-ի սահմաններում նա Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանդիպելով Ս. Սարգսյանին և Հ. Հովհաննիսյանին, զենքերը փոխանցել է նրանց:
Այնուհետև ժամը 16-ի սահմաններում Հ. Իսպիրյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, նրանց սպասել է դրսում, իսկ Ս. Սարգսյանը և Հ. Հովհաննիսյանը որպես գազի ծառայության աշխատակից ներկայանալով մուտք են գործել Արև Ազատյանին պատկանող բնակարան, որտեղ տանը միայնակ գտնվող նրա որդու` Արմեն Վարդանյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` կպչուն ժապավենով կապելով վերջինիս ձեռքերը, ոտքերը և բերանը, հափշտակել են ընդհանուր գումարով առանձնապես խոշոր չափերի` 10 820 679 դրամի նյութական արժեքներ (3 850 000 դրամ, 2 719 279 դրամին համարժեք 7350 ԱՄՆ դոլար, 536 400 դրամին համարժեք 45 000 ՌԴ ռուբլի, 3 715 000 արժողության տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր), ապա դիմել փախուստի:
Դարձյալ ըստ հիշյալ եզրակացության, Հ. Իսպիրյանը 2009-2010 թթ. ընթացքում Սամսոն Սարգսյանի` Երևանի Էստոնական փողոցի թիվ 10 շենքի 20-րդ բնակարանում վերջինիցս իր գործածման համար տարբեր օրերի, 3 անգամ ապօրինի ձեռք է բերել Ս. Սարգսյանի կողմից զգալի չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոցից պատրաստված և ներարկիչի մեջ լցված 1.5 մլ ծավալով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի լուծույթ և ներարկել ինքն իրեն: Ավելին. Հովհաննես Իսպիրյանն իր տանն ապօրինաբար պահել է ռազմամթերք հանդիսացող երկու հատ գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի հրազենային փամփուշտ, որը 27.05.2011 թ. խուզարկությամբ հայտնաբերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից:
Բացի վերոնշյալից, առաջադրված մեղադրանքի համաձայն` Հովհաննես Իսպիրյանն օժանդակել է ավազակային հարձակման կատարմանը, որը հիմնավորվել է քր. գործով ձեռք բերված ապացույցներով: Այսինքն` Հովհաննես Իսպիրյանը, ըստ նախաքննության մարմնի, կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: