
Որտե՞ղ է Դեդ Հասանի աճյունը. ինքնաթիռը Թբիլիսի չի հասել

Ռուսական լրատվամիջոցներն այս պահին չեն կարողանում հստակ նշել, թե որտեղ է հունվարի 16-ին նշանառուի գնդակին զոհ գնացած Դեդ Հասանի մարմինը:
Նախօրոք հայտարարվել էր, որ «օրենքով գողի» մարմինը հատուկ չվերթով պետք է տեղափոխվի Թբիլիսի: Այնուհետև հաղորդվեց, որ այդ ինքնաթիռն արդեն թռել է մոսկովյան Վնուկովո-3 օդանավակայանից:
Սակայն Թբիլիսիի օդանավակայանում այդ լուրերը չեն հաստատել: Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Վրաստանի մայրաքաղաքում զարմանքով ընդունեցին նորությունն այն մասին, որ հատուկ չվերթով փորձել են իրենց մոտ տեղափոխել «գնդակահարված քրեական հեղինակության» մարմինը:
«Այսօր ոչ մի այդպիսի բան չի եղել: Մարմինը Թբիլիսի չի բերվել: Նրան այստեղ բերելու մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Մեր կողմից նաև մերժում չի եղել: Մեզ նույնպես հայտնի չէ ինչ-որ հատուկ չվերթի մասին»,- հայտնել են օդանավակայանի աշխատակիցները:
Դեդ Հասանին Վրաստանի տարածքում հուղարկավորելու լուրերը չեն հաստատում նաև Վրաստանի ՆԳ և ԱԳ նախարարություններում: Երկու գերատեսչություններն էլ հայտնում են, որ քրեական հեղինակության հուղարկավորման մասին նման տեղեկատվություն իրենք չունեն:
Վրացական իրավական կառույցները կամ առանձին մասնագետներ նշում են նաև, որ եթե նույնիսկ հուղարկավորման գործողություն կատարվի, ապա Դեդ Հասանի բարեկամների ու ծանոթների համար իրավիճակը կարող է զարգանալ ոչ ցանկալի ձևով:
Նույնիսկ հայտարարվել է, որ եթե Ռուսաստանից հուղարկավորության նպատակով Վրաստան ժամանեն քրեական հեղինակություններ, ապա նրանք անմիջապես կձերբակալվեն:
Փաստինֆո