Ջորջ Բուշ-կրտսերը ներկա չի գտնվի Օբամայի երդման արարողությանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բարաք Օբամայի երդման արարողությունը տեղի է ունենալու հունվարի 21-ին, Վաշինգտոնում: Սակայն դրան մասնակցելու են միայն դեմոկրատ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնն ու Ջիմմի Քարտերը: Հանրապետական նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հոր հիվանդության պատճառով հրաժարվել է ժամանել Վաշինգտոն:
Ավանդաբար ԱՄՆ բոլոր նախկին նախագահները հրավիրվում են երդման արարողությանը, սակայն նախկին նախագահ 88-ամյա Ջորջ Բուշ-ավագը ներկայումս վերականգնվում է ծանր և տևական հիվանդությունից հետո:
2009 թվականին հանրապետական այդ երկու նախագահները ներկա են գտնվել Օբամայի երդման արարողությանը: Նախորդ շաբաթ Ջորջ Բուշ-ավագը դուրս էր գրվել հիվանդանոցից, ուր հայտնվել էր նախորդ տարվա նոյեմբերի 23-ին: Այժմ նա կարող է տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակի օգնությամբ: