Բաժիններ՝

Ինչպես է «քցում» Կաթողիկոսը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեռևս տարիներ առաջ Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթ է հայտարարել:

Կարող էր, չէ՞, Վեհափառն իր մտերիմներից մեկին «ատկատով» տրամադրել բարեկարգումը, առավել ևս, որ այդ տարիներին «ատկատները» չէին բացահայտվում, բայց կաթողիկոսն այնքան օրինապաշտ եղավ, որ պատահական մեկը շահեց տենդերը: Բաց և թափանցիկ մրցույթով հաղթած դյուրահավատը, սակայն, ենթարկվեց փորձության: Փորձությունն էլ ոչ այլ ինչ էր, քան վաստակած գումարի մի զգալի մասից զրկվելը:

Եվ այսպես, 2006 թվականին «Սասունասար» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Անդրանիկ Ստեփանյանի, մասնակցելով տվյալ մրցույթին, հաղթում է: Հոգևորականներից հանձնաժողով է կազմվում, պայմանագիր կնքվում, կազմվում նախահաշիվ: Նախահաշվով պարտավորվում են ընկերությանը վճարել 418 միլիոն 13 հազար 480 դրամ՝ Հայորդաց տան և 84 միլիոն 967 հազար 300 դրամ՝ Սևանի վանական համալիրի բարեկարգման համար:

2010 թվականին հանձնվել են աշխատանքները, սակայն գումարի մի մասը չի վճարվել: Ըստ Անդրանիկ Ստեփանյանի, Մայր Աթոռն իրեն պարտք է մնացել մոտ 110 միլիոն դրամ, որից «անորակ աշխատանքների» գումարը հանել են, մնացել է 70 միլիոնը: Հանձնաժողովը ներկայացրել է վճարման, սակայն Վեհափառը հրահանգել է, թե ոչ մի վճարում էլ չկա:

Նշենք, որ շինարարությունն իրականացվել է ամերիկահայ բարերար Հրաչ Թուֆայանի հովանավորությամբ, ով ևս հրաժարվել է ձեռք մեկնել շինարարին՝ նշելով, թե ինքը գումարը փոխանցել է Մայր Աթոռին: Ինչ վերաբերում է «անորակ աշխատանքին ու բազմաթիվ թերացումներին», ապա դրանք արձանագրել է անձամբ կաթողիկոսը: Ըստ Ստեփանյանի, Վեհափառն իր ձեռքով է ստուգել կատարված աշխատանքները՝ թույլ չտալով «խաբեբաներին» առանց քրտինք թափելու իրենից գումար շորթել:

«Ֆինանսական բաժինը վերջնահաշվարկ արեց ու հայտնեց, որ իրենք գումար վճարողը չեն: Երկուսը միասին պարտք են մնացել 110 միլիոն, որից, սովորության համաձայն, «բռակ» և այլ պատճառաբանություններով կրճատել-հանել են, մնացել է 70 միլիոնը: Բայց Սրբազանն ասեց՝ ես վճարող չեմ: Գնաց-շրջեց, տեսավ, որ ամեն ինչ նորմալ էր, բայց մանրակրկիտ նայելուց հետո եկավ-ասեց՝ անորակ է»,- պատմում է շինարարը և վստահեցնում՝ ինքը պնդել է, որ պրոֆեսիոնալ հանձնաժողով կազմեն ու ստուգեն, իսկ Կաթողիկոսը հակադարձել է, թե ինքն է որոշողը:

«Անորակ է և վերջ»,- եղել է Գարեգին Բ-ի վերջնական խոսքը: Ապա արձանագրություն են կազմել ու գրանցել միլիոնների տույժ ու տուգանքը: «Էդ ժամանակ Վեհափառը գնաց, Սևանը նայեց, ասեց՝ գույքի
համար վճարեք, բայց աշխատանքի դիմաց՝ 3 անգամ պակաս: Օրինակ, տասը դոլար պետք է տային մեկ աշխատողին, ասեց՝ երեք դոլարի չափով:

Դե, բոլորը խոսում էին, որ «քցում են», ասեցի՝ պրծում չկա, լավ, թող տա, պրծնենք, բայց մի քիչ էլ ֆռռաց-ֆռռաց, թե եկեղեցու հենապատն ինչի՞ չես քանդել-շարել, ասեցի՝ դա իմ ծրագրի մեջ չէր, բացի էդ էլ, մերոնք փորձել էին քանդել-շարել, ասել էր՝ ինչի՞ ես քանդում-շարում, ավելորդ ծավա՞լ ես ուզում ավելացնես: Մեկ էլ Վեհափառը զայրացավ ու ասեց՝ ոչ մի բան չվճարեք: Ասեցի՝ ո՞նց կլինի, Վեհափառ, ձեռ ե՞ք առնում…»,- պատմում է մեր զրուցակիցը:

«Մետրը ձեռը՝ կաթողիկոսն անձամբ ծունկը խփում էր գետնին, կռանում ու չափում պարկետը, ասում էր՝ ծուռ եք արել»: Ստեփանյանը պատմում է, թե ձեռքով հատ-հատ թրխկացրել է սալիկները և թրխկոցի ձայնից որոշել՝ որակո՞վ են արդյոք փակցրել դրանք պատին, ու տեղում հրահանգել ներառել տուգանքների մեջ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը չի համաձայնել ճարտարապետի նախագծի հետ, սակայն այն քանդել ու որպես տուգանք գրանցել են շինարարի վրա՝ գումարից համապատասխան չափով մինուս անելով:

Չնայած տարտարոսի չարչարանքներին, այս խեղճերը մինչև վերջ դիմացել են Մայր Աթոռի փորձություններին, ավարտին հասցրել իրենց վստահված շինությունները, նույնիսկ տեղի է ունեցել փառավոր բացման արարողություն: Բայց 70 միլիոն դրամը քիչ փող չէ, և շինարարները մինչ օրս իրենց վաստակն են ակնկալում: Կապալառուն տարբեր մարմինների է դիմել, սակայն ոչ մի արձագանք: Կաթողիկոսն էլ իրեն ընդունել ու քըրթ կտրել է՝ տալիք չունի: Ձեռքով էլ ցույց է տվել, թե նրա գրած նամակներն «այ սենց պատռում, աղբամանն եմ նետում»:

Տուժողը ցանկացել է դատարան դիմել, բայց ծանոթ փաստաբանները խորհուրդ չեն տվել, թե աշխարհիկ դատաստանին ապավինելը միամտություն է՝ կաթողիկոսի դեմ խաղ չկա: Վճիռը Մայր Աթոռի օգտին է լինելու: Իր իսկ հավաստմամբ, վաճառել է ունեցվածքը, որ իր տալիքներից պրծնի, բայց դեռ շատ ունի, պարտատերերն էլ խեղդում են: Ստեփանյանը հոգևոր հոր թեթև ձեռքով համալրել է չքավորների շարքը և ինքն իրեն սփոփում է աստվածաշնչյան տողերով. «Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան»:

Մայր Աթոռից մեզ հավատացրին, թե իրենք ոչ մեկին մի լումա պարտք չեն: Մայր Աթոռի մամլո խոսնակ Տեր Վահրամն ասաց, որ պարբերաբար գումարներ վճարվել են տվյալ ընկերությանը, իսկ «բարձրացրած գումարները, օրենքի սահմաններում, անփույթ աշխատանքի համար, Մայր Աթոռին պատճառած վնասի դիմաց պահվել են»: Դիտարկմանը, թե անփութությունը 100 միլիոն դրա՞մ է կազմել, Տեր Վահրամը սառնասրտորեն կրկնեց. «Իր անբարեխիղճ աշխատանքի համար է պահվել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս