Անգելա Մերկելը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով փետրվարի 25-ին ժամանելու է Անկարա: Այս մասին հայտնել են գերմանական դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ Թուրքիայում Մերկելը հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, սիրիական վերջին զարգացումները և թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման հարցը:

Բացի այդ, փետրվարի 5-7-ին Թուրքիա (Ստամբուլ և Անկարա) է այցելելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Փիթեր Ֆրիդրիխը, ով հանդիպելու է իր թուրք գործընկեր Իդրիս Նաիմ Շահինի հետ: Փետրվարին Թուրքիա կայցելեն նաև նեոնացիստների իրականացրած հանցագործությունների հետաքննման խորհրդարանական հանձնաժողովի անդամները (2000-2007 թվականներին նեոնացիստները Գերմանիայում սպանել են 8 թուրքի – 168.am):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Էրդողանը հայտարարել էր, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ քաղաքական ու ռազմական պայքարում Գերմանիան Եվրոպայի ամենակարևոր երկիրն է՝ ընդգծելով, որ այդ երկրում գործում է 13.000 PKK-ական:

Տեսանյութեր

Լրահոս