
Օմբուդսմենը հույս է հայտնում, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության և հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով և շատ մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն այս ընկերությունում:
Սակայն, անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից և բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր ամբողջ հասարակության համար: Մասնավորապես, ցանկալի է, որ այդ ավտոբուսները հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ցավոք, այժմ գործարկվող հանրային տրանսպորտի միջոցները չեն համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին` սահմանափակելով դրանցից հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դարձնելու համար տրանսպորտային միջոցները հավասարապես մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում, Հոդված 22-ում նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:
Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արտադրված նոր ավտոբուսները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար` հնարավոր դարձնելով նրանց սոցիալական ներառումը հասարակության մեջ:
Պաշտպանի աշխատակազմ