Զինդատախազությունը դեռ քննարկում է Մատաղիսի գործով վճիռը բողոքարկելու հարցը
Մատաղիսի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը, սակայն Զինդատախազությունը չի հստակեցնում` բողոքարկելո՞ւ է դատավճիռը, թե՞ ոչ:
«Ես հասկանում եմ, որ ձեզ հետաքրքրում է: Այդ մասին կխոսենք հետո,- ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այսօր հրավիրած ասուլիսում ասել է զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Մենք հիմա քննարկում ենք և մենք ունենք դեռ ժամանակ»:
Հարցին` կարելի՞ է Մատաղիսի գործը համարել զինդատախազության կոկորդին կանգնած ոսկոր, Կոստանյանն արձագանքել է. «Որևէ գործ որևէ մեկի կոկորդին կանգնած չէ: Ե’վ իմ նախորդը, և’ ես կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները»:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005 թվականին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման: 2006-ին վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ դատապարտելով ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները և գործն ուղարկել նոր նախաքննության: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. 4,5 տարի գործը քննելուց հետո Շիրակի մարզի դատարանն արդարացման դատավճիռ էր հրապարակել:
Սպանված զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի հարազատներն այդ դատավճիռը բողոքարկում են վերաքննիչ դատարանում: Մյուս սպանվածի հարազատները, սակայն, չեն միացել նրանց:
Հարցին, թե հնարավոր է, որ Զինդատախազությունը բավարարվի այդ բողոքով, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է. «Երբ որ որոշենք` բողոքարկել, թե ոչ, այդ հարցին էլ կանդրադառնանք»: