
Ամերիկյան դատարանը տուգանել է Ռուսաստանի կառավարությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Կոլումբիայի օկրուգի դատարանը երեկ Ռուսաստանի կառավարությանը պարտադրել է օրական 50.000 տուգանք վճարել՝ մինչև ամերիկյան հասիդներին (կրոնական ուղղություն հուդայականությունում – 168.am) րաբբի Իցհակ Շնեերսոնի գրքերի հավաքածուի վերադարձնելը:
Խոսքը գնում է Ռուսաստանի հիմնադրամներում պահվող մոտ 12.000 գրքերի ու 50.000 հազվադեպ փաստաթղթերի մասին, որոնք իր ժամանակին հավաքել է Շնեերսոնը: Այս գործով դատական գործընթացն ԱՄՆ-ում մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, ինչը Ռուսաստանի պետական մշակութային կազմակերպություններին, ասենք խոշոր թանգարաններին թույլ չէր տվել մասնակցել միջմշակութային փոխանակմանը, քանի որ նրանք ոչ մի կերպ պաշտպանված չեն եղել երրորդ անձանց հավակնություններից:
Շնեերսոնը Խորհրդային Միությունից վտարվել է 1927 թվականին: Սկզբնական շրջանում նա իր հավաքածուն տեղափոխում է Լատվիա, ապա՝ Լեհաստան, ուր և դա մնում է ֆաշիստական Գերմանիայի հարձակումից (1939) հետո: Դրանից հետո Շնեերսոնի հավաքածուն Լեհաստանից տեղափոխում են Գերմանիա, որտեղ էլ այն 1945 թվականին ընկնում է Կարմիր բանակի ձեռքը: Ներկայումս այն պահվում է Ռուսական ռազմական պետական արխիվում: