Բաժիններ՝

Սաակաշվիլին ազատել է մոտ երկու տասնյակ դեսպանի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բավարարել է մի շարք դեսպանների զբաղեցրած պաշտոններից հեռացնելու մասին արտգործնախարար Մայա Փանջիկիձեի դիմումը: Այս մասին հայտնել է նախագահական ապարատի մամուլի ծառայությունը:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ դեսպանին զբաղեցրած պաշտոնից ազատում է նախագահը՝ արտգործնախարարի համապատասխան փաստաթղթի հիման վրա: Արտգործնախարարի խորհրդով նախագահը նոր դեսպանի թեկնածությունը ներկայացնում է խորհրդարանի հաստատմանը:

Փանջիկիձեն հունվարի 14-ի նախագահին հղած իր նամակում միջնորդել էր մինչև 20 դեսպանների ազատման համար, որոնց թվում կան այնպիսինները, որոնց փոխելու ժամկետը վրա էր հասնում 2013 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում: Նրանք են Ուկրաինայում, Լատվիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ավստրիայում ու ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպանները:

Բացի այդ, Փանջիկիձեն առաջարկել էր ազատել ԱՄՆ-ում (Թեմուր Յակոբաշվիլի), Բելգիայում ու ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Բուլղարիայիում, Լիտվայում, Ադրբեջանում (Թեյմուրազ Շարաշենիձե), Ղազախստանում, Թուրքիայում (Զուրաբ Պատարաձե), Չինաստանում Վրաստանի դեսպաններին, ինչպես նաև ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայային և Եվրոպայի Խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Մամուկա Ժգենտիին:

Նախագահն արդեն իսկ իր ստորագրությունն է դրել արտգործնախարարի նամակի տակ:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում ծավալվել էր «դեսպանային պատերազմ»: 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը նախագահին ու նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել էր նրանում, որ մի շարք վրացի դեսպաններ արտասահմանում զբաղված են «Վրացական երազանքի» դեմ գործունեության ծավալմամբ և ապատեղեկատվություն են տարածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս