Չնայած արգելքին՝ Հայաստանի քաղաքացիներն անշարժ գույք են գնել Թուրքիայում

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ի հայտ են եկել Հայաստանի ու Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնման փաստեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը:

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներին վաճառվել է մեկ միավոր անշարժ գույք, ինչպես նաև 808 քառակուսի մետր տարածք է վաճառվել Հյուսիսային Կորեայի քաղաքացուն (Թուրքիան այդ երկրի հետ խզել է իր հարաբերությունները): Բայրաքթարը հավելել է, որ 2012 թվականին 139.859 օտարազգի քաղաքացիներ Թուրքիայում գնել են 152.993 միավոր անշարժ գույք: Թուրքիայում ամենաշատն անշարժ գույք են գնում Գերմանիայի քաղաքացիները, ուր ապրում է գրեթե 2 միլիոն թուրք:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի վերջերին Թուրքիայում ընդունված նոր օրենքով աշխարհի 183 երկրների քաղաքացիների թույլատրվել էր Թուրքիայում գնել անշարժ գույք: Տվյալ օրենքով՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Պարսից ծոցի արաբական երկրների քաղաքացիներին թույլատրվել էր առանց որևէ նախապայմանի անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:

Նույն օրինագծով՝ Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Նիգերիայի ու Եմենի քաղաքացիներն ամբողջովին զրկվել էին Թուրքիայում անշարժ գույք գնելու իրավունքից: Իսկ մի շարք երկրների քաղաքացիներին էլ որոշակի պայմաններով էր թույլատրվել գնել անշարժ գույք:

Օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է սեփականություն ձեռք բերել Սև ծովի ափին: Իսկ ահա Վրաստանի քաղաքացիները կարող են սեփականություն ձեռք բերել Թուրքիայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ ափամերձ և սահմանային շրջաններից:

Նոր օրենքով օտարազգի գնորդը կարող է գնել մինչև 60 հեկտար տարածք: Օտարազգի գնորդը կարող է հողատարածք ձեռք բերել նաև ռազմական օբյեկտների մոտ, բայց միայն Գլխավոր շտաբի թույլտվության դեպքում: Բացի այդ, նոր օրենքով օտար քաղաքացիներին թույլատրվում է գնել յուրաքանչյուր նահանգի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին: Ավելի վաղ Թուրքիայում հողատարածք կարող էին գնել այն երկրների քաղաքացիները, որոնցում կարող էին հողատարածք գնել Թուրքիայի քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս