Բաժիններ՝

Օգնեցե՜ք… նախագահ եմ ուզում դառնալ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքականությունը ոսկի չէ, որ կարելի լինի տարիներով պահել բարձի տակ ու մի օր հանել ի ցույց՝ շլացնելու վճռականությամբ: Այն տևական գործընթաց է՝ անընդհատ մարզվելու, կատարելագործվելու համար: Դադարից հետո, առանց պարապելու դուրս գալ որևէ «մատչի»,  ուղղակի անիրատեսություն է: Նման մտորման պատճառ հանդիսացավ Պարույր Հայրիկյանի ուղերձը, որով նյութական աջակցություն էր խնդրում հանրությունից՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության համար. «Ուստի կոչ եմ անում կատարել այս փուլի համար նուազագոյն անհրաժեշտը՝ աջակցել ինձ։ Ինչպէս գրել եմ դեռևս 1976 թուականին, առանց Ձեզ ես «միայնակ մի զինուոր եմ», իսկ Ձեզ հետ «միասին՝ ամենազոր»: Դա պատմականօրէն ապացուցուած իրողութիւն է։ Մենք այդպէս ենք վերականգնել ԱՆԿԱԽ Հայաստանը։ Հիմա հերթը ԱԶԱՏ Հայաստանինն է»:

Վերջին շրջանում ԱԻՄ նախագահին մի քանի անգամ հանդիպել եմ եթերում՝ կենցաղային բնույթի հաղորդումների մասնակցելիս, ճաշ էր պատրաստում… զրուցում անձնական թեմաներով… Միանգամայն բնական եմ ընդունել. նախկին ակտիվ քաղաքական գործիչը վայելում է հանգիստը: Նա արդեն կատարել է պատմությամբ իրեն վերապահված դերն արժանապատվորեն ու իրավունք ունի հանգստանալու: Հիմա ի՞նչ պատահեց, որ ակտիվացավ: Մի՞թե 1976 թվականի Հայրիկյանն ու այսօրվա Հայրիկյանը նույնն են, կրակն ու մոխիրը նույնն են… Խոսք չունեմ, մոխրի տակից կարող է բարձրանալ անթեղված կրակը, բայց դրա համար ժամանակ է պետք, քամի, հանրության շունչը:

Ի՞նչը ստիպեց Հայրիկյանին կրկին կրակվելու… Ազատ Հայաստանի գաղափա՞րը… Ումի՞ց ազատ… Հայրիկյանն անկա՞խ է համարում Հայաստանը և նույնանման ազատությո՞ւն է ապահովելու… Հայրիկյանական դադարը երկար էր ու ընտրողին գաղափարական քամու բերանը տալու համար ուշացած… Շատ ջրեր են հոսել, ու հիմա զավեշտալի է փրկություն խնդրող երեխաների կողքին կարդալ Հայրիկյանի խնդրանքը: Իրար կողքի դրեք՝  բարեգութ մարդիկ, երեխաս ծանր հիվանդ է, եթե կարող եք, օգնեք խնդրում եմ, մեկ էլ՝ օգնեցե՜ք, նախագահ եմ ուզում դառնալ… Այն դեպքում, երբ օգնություն կանչողը հաստատապես գիտի, որ ինքը երբեք նախագահ չի դառնալու… Իսկ չդառնալու համար ֆինանսավորում է միայն Բաղրամյան 26-ը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս