
Դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ՀՀ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով:
Աշխատանքային խմբում ընդգրկված են դատախազության տարբեր վարչությունների և ստորաբաժանումների դատախազներ: Աշխատանքային խումբը քննարկման կընդունի ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, կլուծի դրանց ենթակայության հարցերը, կքննարկի ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումները և հնարավորինս սեղմ ժամկետներում դրանց ընթացք կտա:
Բացի այդ, աշխատանքային խումբը կուսումնասիրի նաև զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, սահմանված կարգով կուղարկի ըստ ընդդատության քննարկման:
Հրամանի կատարման շրջանակներում դատախազության ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վրա: