Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի աղմկոտ սպանության գործի դատաքննությունը սկսվեց (տեսանյութ)
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործի դատաքննությունը մեկնարկեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանի փեսան՝ Կարեն Եսայանը, սպանվեց 2012 թ-ի ապրիլի 12-ին, որից հետո նրա սպանության համար կալանավորեցին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Հարություն Սարգսյանին։
Կալանավորված Հարությունի նկատմամբ սկզբում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի /սպանություն/ եւ 235-րդ հոդվածի 1-ին /ապօրինի զենք-զինամթերք կրելը/ հատկանիշներով: Ավելի ուշ՝ նախաքննության ավարտին, 235-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինվեց 188-րդ հոդվածի առաջին մասով /ապօրինի ձեռնարկատիրություն/:
Դատական առաջին նիստը մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշացումով, ընդ որում դատարան էին ներկայացել երկու կողմերի հարազատները, բարեկամները, ընկերները եւ այնքան մարդաշատ էր, որ դատարանը ստիպված եղավ մինչեւ նիստը սկսելը դատարանի դահլիճը փոխել:
Երբ դատարան բերվեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, սպանված տղայի, Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դիմեց դահլիճում նստածներին՝ ասելով. «Բերեցին Սաֆարովին, աշխարհի ճիշտը դահլիճ է մտնում…Նա Սաֆարովն է»: Ի պատասխան՝ ամբաստանյալը բավականին կոռեկտ հակադարձեց. «Տիկի՛ն, Ձեր որդուն ես չեմ սպանել, Ձեր որդու արյունը, Ձեր որդու գերազմանը մի՛ վաճառեք՝ վերեւն Աստված կա, Աստծո՛ւց վախեցեք…»:
Հարություն Սարգսյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ է, ով փաստացի բնակվում է Գյումրիում, ունի բարձրագույն կրթություն: Ուշագրավն այն է, որ երբ նիստը նախագահող դատավոր Մարտին Սարոյանը հարցրեց ամբաստանյալի առողջությունից, Հարություն Սարգսյանը պատասխանեց. «Առողջ էի, մինչեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծեծը, էդ ծեծից հետո էլ ի՞նչ առողջ: Գլխիս վրա ուռուցքներ կան, բազմաթիվ ապացույցներ կան մարմնիս վրա, թե ինչպես է այդ մսագործը՝ ղասաբ Բաբակեխյանն ինձ ծեծել»:
Իսկ երբ նրան դատավորը դիտողություն արեց՝ նման մակդիրներ ընտրելու համար, Հարություն Սարգսյանը մեկնաբանեց, թե ՀՀ ոստիկանպետ Վլադիմիր Գասպարյանի բառերն է օգտագործում. «Ես ոստիկանապետի բառերն եմ ասում՝ ինքը ասում էր՝ այն ոստիկանը, որ մարդ է ծեծում, մսագործ է»:
Այնուհետեւ ներկայացվեց մեղադրական եզրակացությունը, իսկ երբ ամբաստանյալին սկսեցին հարցեր տալ տուժող կողմի ներկայացուցիչներն ու դատախազը, Հարություն Սարգսյանը փաստաբան պահանջեց: Նա ասաց, որ առանց փաստաբանի ինքը չի խոսի ոչինչ, որովհետեւ համոզված է, որ ամեն ինչ՝ անգամ կենսագրական տվյալները կարող են ուղղել իր դեմ:
Դատարանին տուժողի հայրը՝ Սամվել Սարգսյանը, ներկայացրեց, որ որդու փաստաբանները բացակայում են հանրապետությունից եւ կվերադառնան միայն հունվարի 29-ին կամ 30-ին:
Այստեղ վիճաբանություն ծագեց նաեւ ամբաստանյալի հոր եւ տուժող կողմի փաստաբանի միջեւ, այն բանից հետո, երբ փաստաբան Արմեն Մարուքյանը փորձեց կրկնել ամբաստանյալի հոր խոսքերը եւ ամբաստանյալին դիմեց «սրա» բառով: Որից հետո դատարանը հրահանգեց ամբաստանյալի հորը՝ Սամվել Սարգսյանին, ով ի դեպ Անի տարածաշրջանի նախկին ոստիկանապետն է եղել, հեռացնել դատարանի դահլիճից: Իսկ դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 5-ը:
Դատական նիստի ավարտից հետո դատարանի դիմաց նաեւ վիճաբանություն է տեղի ունեցել երկու կողմերի երիտասարդ տղաների միջեւ, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ: