Բաժիններ՝

Սեդրակ Զատիկյանի սպանության կազմակերպչի մասով գործը դատարանում է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Ստեփան Հակոբյանի, ով մեղադրվում է ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար: Նշենք, որ Ստեփան Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին է։

Սեդրակ Զատիկյանը 2005թ-ին ընտրվել էր Մալաթիա-Սեբաստիա ավագանու անդամ, նույն թվականին էլ Երկրապահ կամավորականների միության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի նախագահ: Պարգևատրվել էր ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: Սեդրակ Զատիկյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ամբաստանյալ Ստեփան Հակոբյանը, Ս. Զատիկյանի հետ նախկինում ունեցած վիճաբանության պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, նախնական համաձայնության գալով Ն. Խաչատրյանի հետ, Ա. Առուշանյանին նյութապես շահագրգռելով պատվիրել է սպանել Ս. Զատիկյանին:

Ա. Առուշանյանը 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում, «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Սեդրակ Զատիկյանի վարած ավտոմեքենայի վրա, որի հետևանքով մեքենայի ղեկի մոտ նստած Ս. Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են:

Բացի այդ, Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փափմուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Ոստիկանները նրա տանը հայտնաբերել էին 8 հատ 9մմ տրամաչափի և 6 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, և նրան մեղադրանք էին առաջադրել զենք, զինամթերք ապօրինի պահելու հատկանիշներով, ինչից հետո նա կալանավորվել էր, մեկ ամիս անց, սակայն, ստորագրությամբ ազատ էր արձակվել: Ազատ արձակվելուց անմիջապես հետո Ստեփան Հակոբյանը, գործով անցնող մեկ այլ կասկածյալի` Նարեկ Խաչատրյանի հետ հեռացել էր Հայաստանից: Հակոբյանին վերաբերող քրեական գործի համապատասխան հատվածը առանձնացվել էր, իսկ բուն սպանության վերաբերյալ` գործն ուղարկվել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի և Լ. Ղևոնդյանի մասով դեռևս 2007 թվականի դատավճռով՝ Ա. Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով:

Համաձայն դատավճռի, սպանություն կատարողը` Արսեն Առուշյանը, դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Սեդրակ Զատիկյանի տեղաշարժի մասին նրան ինֆորմացիա տրամադրած Լ.Ղևոնդյանը և նրա ընկերը` Ա.Հովհաննիսյանը, դատապարտվել էին, համապատասխանաբար, ութ և տասը տարվա ազատազրկման:

Ս. Հակոբյանի և Ն. Խաչատրյանի նկատմամբ 2007 թվականին հայտարարվել էր հետախուզում։ Ս. Հակոբյանը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ Ն.Խաչատրյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։

 Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս