
Պարոն Ղուկասյանի բոյկոտը նույնքան օգուտ կարող էր տալ, որքան ինքնահրկիզվելու մասին առաջարկը. Արման Մելիքյան

Հունվարի 11-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն հանդես եկավ բաց նամակով, որով նա առաջարկում է նախագահի մյուս թեկնածուներին միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում՝ հանուն արմատական փոփոխությունների:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նախագահի պաշտոնի մեկ այլ հավակնորդ` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, արձագանքելով Անդրիաս Ղուկասյանի այս կոչին, ասաց, որ այդ կարգի բոյկոտը իրականում անօգնականության դրսևորում է:
«Իրականում սա մեկ մարդու կամ 7 հոգու որոշում է, որը խոչընդոտում է, որպեսզի հանրությունն ինքը իր որոշումը կայացնի: Մեր տարբերակը թույլ է տալիս յուրաքանչյուրին ասել իր «ոչ»-ը և իր բոյկոտը հայտարարել, բայց այդ բոյկոտն արդեն կլինի գործուն: Պարոն Ղուկասյանի այս հայտարարությունը բոյկոտի վերաբերյալ նույնքան օգուտ կարող էր տալ, որքան, օրինակ, ինքնահրկիզվելու մասին առաջարկը. այսինքն գուցե կլիներ պայծառ տեսարան, բայց չէր լինի ոչ մի արդյունք»,- ասաց Արման Մելիքյանը և ավելացրեց, որ իրենք առաջարկում են ակտիվ գործողությունների միջոցով հանրության պահանջները ներկայացնել իշխանությանը և հույս հայտնեց, որ այդ պահանջները հնարավոր կլինեն լուծել երկխոսության միջոցով: