Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլին ահազանգել է երկրում ֆինանսա-տնտեսական ճգնաժամի առկայության մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է երկրում բռնկված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մասին:

Կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տնտեսական ակտիվության, արտահանման, ներկրման, առևտրի ու արտադրության ծավալի նվազեցումը հանգեցրել է տնտեսական ճգնաժամի առաջացմանը.

«Դա հանգեցրել է երկրի տնտեսական սուբյեկտների միջև պարտքերի աճին, և այդ պարտքերն արդեն իսկ ընդունում են սպառնալից բնույթ: Շատ վտանգավոր է նաև այն, որ Վրաստանի նոր իշխանություններն արդեն իսկ անցում են կատարել ընկերությունների նախնական հարկային վճարումների պրակտիկային: Մենք այդ պրակտիկայից հրաժարվել ենք իշխանության գալուց հետո՝ 2004 թվականին, սակայն նոր իշխանությունները չեն կարողանում հարկեր հավաքել և փորձում են խնդիրը լուծել այդ կերպ, որը հետագայում էլ ավելի է սրվելու»:

Մերաբիշվիլին կառավարությանը մեղադրել է բիզնեսին նեղելու մեջ՝ ընդգծելով, որ Ֆինանսների նախարարությունը, դատախազությունը և անգամ ՆԳՆ-ը ստուգումներ են իրականացնում ընկերություններում. «Երբ ես ներքին գործերի նախարար էի, ապա ոստիկանությանն արգելել էի ստուգել գործարարներին, սակայն այժմ վերականգվել է այդ պրակտիկան»:

Մերաբիշվիլին խոստացել է կոնկրետ թվեր ներկայացնել հունվարի 22-ին, իսկ կառավարությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ երկրի տնտեսական իրավիճակի ուղղման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս