Թուրքիայի Հանրապետության 90-ամյակին Ստամբուլի մոտ կբացվի Եվրոպայի երրորդ խոշոր նավահանգիստը
МК-Турция-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից ոչ հեռու կառուցվում է Եվրոպայի երրորդ խոշոր նավահանգիստը: Ստամբուլից 100 կիլոմետր դեպի արևելք ընկած Թեքիրդաղ քաղաքում կառուցվող Asyaport նավահանգիստն ունակ կլինի ընդունել վիթխարի բեռնարկղեր: Նավահանգստի կառուցումը մեկնարկել է 2009 թվականին և ավարտվելու է 10 ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին (դա համընկնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակին – 168.am):
Asyaport նավահանգիստն ունակ կլինի տարեկան ընդունել և ուղարկել 2.5 միլիոն բեռնարկղ: Ակնկալվում է, որ մինչև 2016 թվականը նավահանգիստը կհասցվի իր ողջ հզորության: Նավահանգստի կառուցման նախագիծը գնահատվում է 450 միլիոն դոլար: Նավահանգստի տարածքը կազմելու է 320 կիլոմետր քառակուսի, իսկ նավաշինարանների երկարությունը՝ 2100 մետր: Նավամատույցի մոտ խորությունը կազմելու է 8-20 մետր, այն նախատեսված է տարբեր տիպի նավերի սպասարկման համար:
Ընդհանուր առմամբ, Asyaport-ի նախագծով պետք է ստեղծվեն 5000 նոր աշխատատեղեր, որոնցից 1200-ը՝ բուն նավահանգստում: Նախագիծը միտված է Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության մեղմացմանը: Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականը (երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը – 168.am) արտահանման ծավալը հասցնել մինչև 500 միլիարդ դոլարի, և Asyaport-ը պետք է նպաստի այդ հավակնոտ պլանի իրագործմանը: