
ԱՄՆ-ում լրտեսությամբ զբաղվողներին կտուգանեն 5 միլիոն դոլարով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ավելացել է օտար քաղաքացիների ու կազմակերպությունների օգտին լրտեսությամբ զբաղվելու համար սահմանված տուգանքի չափը: Այսուհետ այդպիսի ապօրինի, հետախուզական գործունեության համար դատապարտված անձինք ստիպված կլինեն պետությանը վճարել 5 միլիոն դոլար:
Համապատասխան օրենքը երկուշաբթի ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Դրանով տուգանք է նախատեսվում նաև լրտեսությանը մասնակից կազմակերպությանը համար: Այդպիսի ընկերությունները ստիպված կլինեն վճարել ավելի քան 10 միլիոն դոլարի տուգանք:
Սրանից առաջ մասնավոր անձանց համար այդպիսի տուգանքի չափը կազմում էր 500.000 դոլար, իսկ կազմակերպությունների համար այն սահմանափակվել էր 10 միլիոնով: ԱՄՆ Կոնգրեսը վերոնշյալ օրենքն ընդունել է 2012 թվականի դեկտեմբերի վերջին: