
Օբաման ստորագրել է տիեզերքում Ռուսաստանի հետ համագործակցության մասին օրենքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը NASA-ին հնարավորություն է տալիս Ռուսաստանին վճարումներ իրականացնել՝ ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար:
Այս օրենքով NASA-ի տվյալ լիազորությունները 2016 թվականի հուլիսի 1-ից երկարաձգվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սահմանափակ ֆինանսավորման պատճառով ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է տիեզարանավերի բազմանշանակ գործածումից և կենտրոնացել է այնպիսի տիեզերական սարքերի մշակման վրա, որոնք ունակ են դուրս գալ առավել բարձր ուղեծիր:
Ներկայումս NASA-ն ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու հարցում օգտվում է ռուսական «Սոյուզ» տիզերանավերի ծառայություններից: Սակայն ակնկալվում է, որ արդեն իսկ տեսանելի ապագայում այդ գործառույթն իրականացնելու են ամերիկյան մասնավոր օդատիեզերական ընկերությունների պատրաստած տիեզերանավերը:
Այժմ Միջազգային տիեզերակայանում յուրաքանչյուր տեղն ԱՄՆ կառավարության համար արժենում է 60 միլիոն դոլար: