Amnesty İnternational-ը դիմել է ԵՄ-ին՝ կապված Ադրբեջանում Իսա Ղամբարի հարձակման ենթարկվելու հետ
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կազմակերպության առաջնորդ Իսա Ղամբարի վրա կիրակի օրն իրականացված հարձակման հետ:
Հիշեցնենք, որ Իսա Ղամբարը և «Մուսավաթի» առաջնորդները հարձակման էին ենթարկվել հունվարի 13-ին Ադրբեջանի հարավում ընկած Լենքորան քաղաք մուտք գործելիս: Ադրբեջանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննել այդ միջադեպը: Այս կապակցությամբ AI-ն հայտարարել է, որ Իսա Ղամբարի վրա կատարված հարձակումը պետք է դառնա մանրակրկիտ ու անկախ հետաքննության առարկա:
Հայտարարությունում մեջբերվում է կազմակերպության Եվրասիական ծրագրերի տնօրեն Ջոն Ջալհաուզենի դիրքորոշումը տվյալ միջադեպի կապակցությամբ, ով դատապարտել է միջադեպի ժամանակ անտարբերություն ցուցաբերած ու գործին չմիջամտած ադրբեջանական ոստիկանության գործողությունները:
Իր հայտարարությունում AI-ն դիմում է Ադրբեջանի եվրոպական գործընկերներին, ԵՄ-ի անդամներին՝ պահանջելով անհետաձգելիորեն միջամտել գործընթացին, քանի որ ընդդիմության գլխավոր թեկնածուն հարձակման է ենթարկվել այն բանից անմիջապես անց, ինչ հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջ քաշման մասին:
AI-ն դատապարտել է նաև Ադրբեջանի կառավարությանը՝ հունվարի 12-ին անցկացված չարտոնյալ ակցիաների ժամանակ ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների հանդեպ բռնություններ գործադրելու և նրանց ձերբակալելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենա 2013 թվականի հոկտեմբերի 16-ին: