
Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով գլորվել է ձորը. կա 1 զոհ և 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Մողրովյանը, վարելով Վազ 2107 մակնիշի ՏՏ 4795 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ-ոց հատվածում Մաստարա գյուղի ճանապարհին Գյումրիից Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մուղրովյանը տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց, իսկ ուղևոր, Արթիկ քաղաքի բնակիչ Գոռ Աթոյանը տեղում մահացել է:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը սոցիալական ծառայության աշխատակից էր: Այս պահին փրկարարները փորձում են քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորից: