Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի 2018 թվականին

Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր խոստումը և հրապարակային բացատրություն տվեց, թե ինչու չի առաջադրվել նախագահի թեկնածու: Նա ներկայացրել է երեք պատճառ-հիմնավորում, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությունից պարզ է դառնում ընդամենը մեկ բան. Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել 2018թ., երբ իր նշած երեք պատճառներն այլևս չեն լինի:

Ըստ Քոչարյանի՝ առաջին պատճառն այն է, որ իր համար անընդունելի է պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև, և բացի այդ՝ իր համար հասկանալի է գործող նախագահի վերընտրվելու ցանկությունը: Քոչարյանն ասում է, որ ինքը բարոյական չի համարում առաջադրվել Սերժ Սարգսյանի դեմ, և ընդունում է նրա երկրորդ անգամ նախագահ դառնալու իրավունքը:

2018թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը վերընտրվելու սահմանադրական իրավունք չի ունենա, և այդ ժամանակ երկու ղարաբաղցիների միջև պայքարի հարցը փակված կլինի: Այդ ժամանակ, ընդհակառակը, Սերժ Սարգսյանի համար պետք է հասկանալի լինի Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահական նստավայր վերադառնալու ցանկությունը: Քոչարյանը շեշտում է, որ ինքն է ժամանակին առաջարկել Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու՝ հասկացնելով, որ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանն էլ իրեն կառաջարկի հաջորդ ընտրություններում լինել իշխանության թեկնածուն:

Քոչարյանի երկրորդ հիմնավորումն այն է, որ չառաջադրվելով՝  ինքը չի ցանկացել մասնակցել երեք նախագահների կողմից իշխանության համար մղվող տհաճ և երկրի համար վնասակար ձևաչափի ձևավորմանը: 2018թ. այդպիսի ձևաչափ այլևս չի լինի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի՝ լինելով արդեն 73 տարեկան, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես նշեցինք՝ հնարավորություն չի ունենա առաջադրվել սահմանադրական արգելքի պատճառով: Կմնա միայն մեկ նախագահ, ով ցանկություն և իրավունք կունենա առաջադրվել, և դա Ռոբերտ Քոչարյանն է:

Երրորդ պատճառը, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այն է, որ քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի, որի վրա ինքը չի ցանկանա ծախսել իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը: Քոչարյանը ակնարկում է, որ քաղաքական մանրածախ առևտրի արդյունքում քաղաքական դաշտն ամայանալու է, և 2018թ. նախագահական ընտրություններից առաջ նույնիսկ նման առևտրի անհրաժեշտություն չի լինելու: Քաղաքական կուսակցությունների մեծ մասն ընդհանրապես վերանալու են, իսկ գոյություն չունեցող բաները հնարավոր չէ վաճառել կամ գնել, թեկուզ մանրածախ գներով:

Մի խոսքով, Քոչարյանը հավատացած է, որ 2018թ. իր համար ստեղծվելու են իդեալական պայմաններ իշխանության վերադառնալու համար, ինչը չկա 2013թ. ընտրությունների դեպքում:

Իհարկե, Քոչարյանի իշխանությանը վերադառնալու ցանկությունը բնական է և հասկանալի: Նա միանգամայն ճիշտ է, որ իր նշած երեք պատճառները 2018թ. վերացած կլինեն: Բայց հույս ունենանք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կստեղծվի այլ քաղաքական իրավիճակ, կլինեն հասարակության վստահությունը վայելող այլ գործիչներ, որը հասարակությանը հնարավորություն կտա առաջ նայել, և ոչ թե անընդհատ հետ շրջվել:

Տեսանյութեր

Լրահոս