
2012 թվականին ԱՄՆ զինված ուժերում 15 տոկոսով աճել է զինծառայողների ինքնասպանությունների քանակը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին ԱՄՆ զինված ուժերում 15 տոկոսով աճել է ինքնասպանությունների քանակը՝ համեմատած 2011 թվականի հետ: 2012 թվականին ինքնասպանություն է գործել 349 ամերիկացի զինծառայող, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար:
Ինքնասպանությունների մեծ մասը բաժին է ընկնում բանակին՝ 182 մարդ, որն ամենաբազմամարդ զորատեսակն է: 2012 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերում ինքնասպանություն է գործել 60 զինծառայող, իսկ ռազմաօդային ուժերում՝ 59 զինծառայող, Ծովային հետևակայինների շրջանում՝ 48 զինծառայող:
Ընդ որում, նախորդ տարի Աֆղանստանում մղված ռազմական գործողություններում սպանվել է ամերիկացի 237 զինծառայող: Գործակալությունն ընդգծում է, որ եթե անգամ հաշվի առնենք Աֆղանստանի սահմաններից դուրս ամերիկացի զինծառայողների կորուստները, ապա միևնույն է, ինքնասպանությունների քանակն ավելի մեծ է:
2012 թվականին ԱՄՆ զինված ուժերում գրանցված ինքնասպանությունների քանակը ամենաբարձր ցուցանիշն է սկսած 2001 թվականից, երբ Աֆղանստան ուղարկվեցին ամերիկյան առաջին ստորաբաժանումները: 2008 թվականին գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 128 դեպք, 2007 թվականին՝ 115 դեպք, իսկ 2004 թվականին՝ 67 դեպք: