Ադրբեջանն իր գազի արտահանման երթուղիների հարցում կկողմնորոշվի այս տարի. Մամեդյարով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ 2013 թվականին որոշում է ընդունվելու «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազի արտահանման երթուղիների ընտրության շուրջ:
Նա հիշեցրել է, որ արդեն իսկ որոշում է ընդունվել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման մասին, որը 2018 թվականին ադրբեջանական գազը կհասցնի ԵՄ-ի սահման (թուրք-բուլղարական սահման – 168.am): Մամեդյարովի խոսքերով՝ իրենք ունեն ընտրության երկու հնարավորություն՝ իրենց գազը եվրոպական շուկաներ մղելու համար:
Երթուղիներից մեկը «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագիծն է, իսկ մյուսը՝ Nabucco West գազատարի նախագիծը:
Հիշեցնենք, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազային հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր: Հանքավայրի մշակման երկրորդ փուլը պետք է մեկնարկի 2017 թվականին: