Բաժիններ՝

Փողի կռի՞վ ՀԱԿ-ում. մամուլ

«ՀԱԿ-ի ներսում կրքերը գնալով թեժանում են: Լարվել են ՀԱԿ համակարգող, Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Մակեյանը պատրաստվում է չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի ձևավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է նաև Լ. Զուրաբյանի իմփիչմենթը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Նման մի նախաձեռնությամբ Մակեյանը հանդես է եկել նաև դեկտեմբերի վերջին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդի»՝ ԺՀԿ աղբյուրները, Մակեյանը թե՛ նախորդ, թե՛ այս անգամ մնացել է մենակ. հենց իր կուսակցությունում այդ առաջարկին դեմ են եղել: Մակեյանը Զուրաբյանի դեմ իր ծրագրածը ո’չ հերքել է, ո’չ էլ հաստատել. նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՀԱԿ քաղխորհրդին է ներկայացրել ՀԱԿ առողջացմանն ուղղված փաստաթուղթ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ-ում առկա խնդիրների պատճառը ևս փողն է, ավելի շուտ՝ դրա ոչ ճիշտ բաշխումը կամ տնօրինումը: Մասնավորապես, «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ Մակեյանի և Զուրաբյանի հարաբերությունները լարվել են 2012թ. Աժ ընտրությունների ընթացքում, երբ Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված Մակեյանը Զուրաբյանից ընտրարշավի համար խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում: Սակայն Զուրաբյանը մերժել է՝ասելով, որ իրենք գումարը բոլոր թեկնածուների միջև բաշխել են հավասար և ավելին անելու հնարավորություն չունեն:

Նրանց զրույցն ավարտվել է վիճաբանությամբ, և այս ամիսների ընթացքում նրանց հարաբերությունները գնալով վատացել են, քանի որ Զուրաբյանը ՀԱԿ-ում իրեն մշտապես պահում է Լևոն Տեր-Պետրոսյանի պես:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդը» փորձեց լուրի իսկությունը ճշտել կողմերից, սակայն ո’չ Զուրաբյանը, ո’չ էլ Մակեյանը չպատասխանեցին հեռախոսազանգերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս