
Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ գնահատականներով` Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է, ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունից հետո չի հանդիպել կուսակիցներին, չի ասել, թե ինչ պետք է անեն առաջիկայում։ Չնայած դրան՝ կուսակցության անդամների մի մասը սահուն ինտեգրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը տեղերում պաշտպանելու սուրբ գործին։
Ինչ վերաբերում է կուսակցության արմատական հատվածին, ապա վերջինս չի կորցնում հույսը, որ դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անգամ նախագահական ընտրություններից հետո։ ԲՀԿ արմատական թևի մի ներկայացուցիչ մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իրենք չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, և կուսակցությունը կանցնի «իրենց իմացած մարդուն»՝ Ռոբերտ Քոչարյանին։ Չնայած ԲՀԿ-ն համառորեն հերքում է այս լուրերը, և ոմանք դա բացառում են, քանի որ «Սերժ Սարգսյանը չի համաձայնի»»։