ԵԽ ԽՎ-ն ԿԸՀ-ում հավատարմագրվեց
ՀՀ նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հավատարմագրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այսպիսով` այս պահին հավատարմագրված են միջազգային երեք կազմակերպություններ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ-Սի-Ի-Էս) և ԵԽ ԽՎ-ն:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, տեղական հասարակական կազմակերպություններից նոր հավատարմագրվածներ չկան: Մինչ այդ հավատարմագրվել էին երկուսը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63 և «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2 դիտորդներ:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրումը սկսվել է ընտրությունը նշանակելու օրվանից` դեկտեմբերի 8-ից, և կտևի մինչև փետրվարի 8-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:
Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
Վերոհիշյալ կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին, ՀՀ կառավարությունը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին, ԿԸՀ-ն` «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը: