56-ամյա որդուն սպանած 83-ամյա հայրը քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել

Այսօր՝ հունվարի 14-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու ստորագրություն է վերցվել 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Նիկոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին, ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել էին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածը Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել նշված հասցեից:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները պարզել էին, որ նշված բնակարանում կենցաղային հարցերի շուրջ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 83-ամյա Վ. Նիկոյանը խոհանոցային դանակով հարվածել էր Վ. Նիկոյանի կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, իսկ քննչական մարմինը որդուն սպանած հորը ազատ է արձակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրը 83 տարեկան է, ունի առողջական խնդիրներ և չի խոչընդոտի քննչական մարմնի աշխատանքներին:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս